- Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է հետևյալ ավիացիոն միջազգային կազմակերպություններին`
ICAO /ԻԿԱՕ/ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպություն
Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան կնքվել է 1944 թ-ի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում` 52 երկրների միջև: Ուժի մեջ է մտել 1947 թ-ին, կոնվենցիայի ստորագրմամբ հիմնադրվել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունը` ԻԿԱՕ-ն:
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԻԿԱՕ-ին 1992 թվականից:
ԻԿԱՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոնրեալում (Կանադա):
ԻԿԱՕ-ի հիմնական նպատակներն են`
Թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովումը և միջազգային քաղաքացիական ավիացիայի զարգացումը ամբողջ աշխարհում:
Անդամ երկիրներին պատկանող օդանավերի, օդանավակայանների, վազքուղիների զարգացման և այլ ավիացիոն գործնեության ապահովումը:
Հայաստանը ԻԿԱՕ-ից պարբերաբար ստանում է բոլոր այն նորմատիվ ակտերը և տեղեկատվությունը, որոնք կապված են ավիացիոն անվտանգության ապահովության, ուղևորների սպասարկման, ուղեբեռի, բեռի հետ, ինչպես նաև այլ տեղեկատվություն միջազգային ավիացիայի գործունեության վերաբերյալ:
2005-2010 թվականը ԻԿԱՕ-ն առաջնահերթ որդեգրել է ռազմավարական զարգացում հետևյալ ուղղություններով`
- ավիացիոն անվտանգություն
- թռիչքային անվտանգություն
- շրջակա միջավայրի պահպանում
- արդյունավետության բարձրացում
- շարունակականություն (ավիացիոն գործողությունների մեջ)
- ազգային օրենքների կիրառման ուժեղացում
JAA Միացյալ Ավիացիոն Իշխանություններ
JAA-ը Եվրոպական պետությունների ավիացիոն իշխանությունների համագործակցության մարմին է: Ստեղծվել է 1990 թ-ին Կիպրոսում:
JAA-ի հիմնական նպատակն է` ավիացիոն և թռիչքային անվտանգության ստանդարտների միասնականության ապահովումը` Եվրոպայի ամբողջ տարածքում, ինչպես նաև Եվրոպական պետությունների ավիացիոն արտադրատեսակների արտադրության արդյունավետության բարձրացումը:
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է JAA-ի անդամակցության թեկնածու երկիր:
Ներկայումս Եվրոպական Միությունը պատրաստվում է JAA-ի բոլոր գործառույթները հանձնել Ավիացիոն Անվտանգության Եվրոպական Գործակալությանը (EASA), որի հիմնական նպատակներից մեկն է նաև Եվրոպական միության անդամակցության թեկնածու պետություններին այդ կազմակերպություն ներգրավվելը:
ECAC /ԵԿԱԿ/> Քաղաքացիական Ավիացիայի Եվրոպական Կոնֆերանս
Քաղաքացիական Ավիացիայի Եվրոպական Կոնֆերանսը (ԵԿԱԿ) հիմնադրվել է 1955 թ-ին: Անդամակցում են 42 Եվրոպական երկրներ:
ԵԿԱԿ-ի հիմնական նպատակն է` ապահովել Եվրոպական երկրների օդային տրանսպորտի կայուն զարգացումը: ԵԿԱԿ-ը իր անդամ պետություններին ապահովում է համապատասխան գրականությամբ և տեղեկատվությամբ:
Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ԵԿԱԿ-ին 1996 թ-ից:
MAK /ՄԱԿ/ Միջպետական Ավիացիոն Կոմիտե
ՄԱկ-ը հիմնադրվել է 1991թ-ին` նախկին ԽՍՀՄ 12 պետությունների կողմից, «Օդային տարածքի օգտագործման և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրի» ստորագրմամբ: ՄԱԿ-ը հանդիսանում է անդամ-պետությունների օդային տարածքի կազմակերպման և քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործադիր մարմին:
IATA /ԻԱՏԱ/ Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիա

ԻԱՏԱ-ն հիմնադրվել է 1945 թ-ին` Կուբայում:
Հիմնական նպատակն է` ավիաընկերությունների միջազգային համագործակցության ապահովումը, մատուցված ծառայությունները անվտանգ, հարմարավետ և առավելագույն տնտեսական օգուտով սպառողներին մատուցելը:
Ներկայումս ԻԱՏԱ-ն ունի 189 անդամ-երկրներ:
EUROCONTROL /Եվրոկոնտրոլ/
Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը` Եվրոկոնտրոլը, համաեվրոպական կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը օդային երթևեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգի հիմնումն է:
Իր խնդիրների իրականացման նպատակով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` ԻԿԱՕ-ի ընդհանուր բնույթ կրող միջազգային ստանդարտների հիման վրա Եվրոկոնտրոլը մշակում է աերոնավիգացիոն բնագավառի եվրոպական պահանջները, միջազգային ստանդարտների ներդրման մանրամասն ընթացակարգերը և տեխնիկական ուղեցույցները:
Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիոն բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթևեկության կառավարման գործընթացների և թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը և անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների կոորդինացումը:
Եվրոկոնտրոլն անդամ երկրների համար ապահովում է.
1.Միջազգային օդային մայրուղիների ցանցի համատեղ մշակումը, և օդային երթևեկության հոսքերի բաշխումը:
- 2.Վերը նշված ծրագրի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական, մասնագիտական ու մեթոդական օժանդակություն:
- 3.Օդային երթևեկության սպասարկման դիմաց օտարերկրյա ավիաընկերություններից վճարների գանձումը և անդամ երկրի համապատասխան կազմակերպությանը այդ գումարների փոխանցումը:
- 4.Դիսպետչերական, ինժեներական մասնագետների և ղեկավար կազմի անվճար պատրաստումն ու վերապատրաստումն իր ուսումնական կենտրոնում, և այլն:
Հայաստանը Եվրոկոնտրոլ-ին անդամակցում է 2006թ-ից:
|