«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ
Գլխավոր տնօրեն՝ Արթուր Գասպարյան
staff@armats.am
+374 10-29-29-29 (366)
ք. Երևան 0042, Ի.Գասպարյան 33
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ընկերությունը հիմնադրվել է 1997թ.՝ «Զվարթնոց» օդանավակայանից համապատասխան ծառայություններն առանձնացվելու ճանապարհով: 2003թ.-ից ընկերությանն են փոխանցվել նաև մյուս քաղաքացիական օդանավակայանների համապատասխան ծառայությունները:
«Հայաերոնավիգացիա» ընկերությունը 100% պետական սեփականությամբ փակ բաժնետիրական ընկերություն է: Ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումը, որը ներառում է օդային երթևեկության կարգավարական սպասարկումը և թռիչքների ապահովումը վերգետնյա նավիգացիոն միջոցներով, ինչպես նաև անհրաժեշտ աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ընկերության գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության օդային տարածքից օգտվող օդանավերին մատուցվող ծառայությունների անվտանգության, որակի և արդյունավետության բարելավման խնդրին: Գործունեության առաջին փուլում (մոտավորապես մինչև 2004թ.) իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը ԻԿԱՕ միջազգային չափորոշիչներին համապատասխանող աերոնավիգացիոն սպասարկման համակարգի հիմնումն էր:
Ներկա փուլում, շարունակելով զարգացնել միջազգային չափորոշիչների վրա հիմնված առկա բազան, ընկերությունն ակտիվորեն ներդնում է նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության և Եվրամիության սահմանած եվրոպական չափորոշիչները:
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ հիմնական գործառույթներն են՝
- ՀՀ օդային տարածքում գտնվող օդանավերի օդային երթևեկության սպասարկումը,
- Աերոդրոմային և մայրուղային նավիգացիայի համակարգերով, օդանավերի անձնակազմերին ՀՀ օդային տարածքի մայրուղիներով իրականացվող թռիչքների ընթացքում և աերոդրոմային գոտում իրականացվող թռիչքների ժամանակ, վայրէջքի գնալիս, ինչպես նաև վայրէջքի և վերասլացքի ընթացքում նավիգացիոն տեղեկատվությամբ ապահովումը,
- ՀՀ օդային տարածքի բոլոր օգտագործողներին աերոնավիգացիոն տեղեկատվության հոսքերի ապահովումը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ընկերությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ոլորտը կանոնակարգող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներով: